| |
 |
Ընթացիկ սեյսմիկ
իրավիճակը |
|
| |

Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. մարտի 1-ից մինչև 7-ը |
|
|
Ս.թ. մարտի 1-ից մինչև 7-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները
Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ
չեն գրանցել: Սեյսմիկ ռեժիմի ակտիվացում ՀՀ տարածքում չի նկատվում:
ՍՊԱԾ-ի Ազգային մոնիթորինգային դիտացանցի 8 կայաններում անջատվել
են տարաբնույթ պարամետրերի 9 անոմալ փոփոխություններ: Այդ
դիտակայաններն են Սուրենավանը, Կարճաղբյուրը, Ծովագյուղը և
Արարատը (երկրաքիմիա), Շիրակամուտը, Վանաձորը, Փարաքարը և
Վարդենիսը (ընդգետնյա ռադոն), Կարճաղբյուրը (ստորգետնյա ջրեր),
որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի կենտրոնական մասում`
Երևանյան, Փամբակ–Սևանի և Սոտքի ակտիվ բեկվածքների գոտիներում:
Տարածաշրջանում. 6 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի
գրանցվել:
Տարածաշրջանից դուրս. մարտի 6-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու
Պադանգ քաղաքից 50 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել
6.4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Երկու ժամ անց նույն օջախում
հետևել է 6.3 մագնիտուդով ուժեղ ցնցում: Երկրաշարժի հետևանքով
զոհվել է ավելի քան 70 մարդ, վնասվել են էներգամատակարարման
և հեռահաղորդակցման գծերը, ավերվել են հարյուրավոր շինություններ:
Կղզիաբնակների մի մասը` վախենալով, որ կառաջանա ցունամի, լքել
է ափամերձ շրջանը` հեռանալով դեպի կղզու խորքերը: Սակայն սեյսմոլոգների
հավաստմամբ, ցունամիի վտանգ չկա, քանի որ երկրաշարժերի հիպոկենտրոնների
խորությունը 30-35 կմ է: Երկրաշարժերը զգացվել են նույնիսկ
Սինգապուրում և Մալայզիայում, որոնք գտնվում են աղետի գոտուց
մոտ 430 կմ հեռավորության վրա: Մարդկանց հիշողության մեջ դեռ
թարմ է 2004 թ. դեկտեմբերի ուժեղ երկրաշարժը և նրան հաջորդած
ավերիչ ցունամին, որի հետևանքով զոհվեց մոտ 230 հազար մարդ:
Ինդոնեզիան համարվում է սեյսմավտանգ գոտի, որտեղ հաճախակի
կրկնվում են ուժեղ ցնցումները:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. փետրվարի 22-ից մինչև 28-ը |
|
|
Ս.թ. փետրվարի 22-ից մինչև 28-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ
կայանները Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ
երկրաշարժ չեն գրանցել: Սեյսմիկ ռեժիմի ակտիվացում ՀՀ տարածքում
չի նկատվում:
ՍՊԱԾ-ի Ազգային մոնիթորին?ային դիտացանցի 8 կայաններում անջատվել
են տարաբնույթ պարամետրերի 9 անոմալ փոփոխություններ: Այդ
դիտակայաններից են Սուրենավանը, Կարճաղբյուրը, Ծովագյուղը
և Արարատը (երկրաքիմիա), Շիրակամուտը, Վանաձորը, Փարաքարը
և Վարդենիսը (ընդգետնյա ռադոն), Կարճաղբյուրը (ստորգետնյա
ջրեր) և այլն, որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի
կենտրոնական մասում` Երևանյան, Փամբակ–Սևանի և Սոտքի ակտիվ
բեկվածքների գոտիներում:
Տարածաշրջանում. փետրվարի 28-ին Թուրքիայի Էլյազիգ քաղաքից
55 կմ դեպի հարավ գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունը
կազմել է 6-7 բալ: Այս շրջանում փետրվարի 21-ին գրանցվել էր
ավելի ուժեղ` 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 24-ին Հյուսիսային Պերուի ափամերձ
շրջանում, Չիքլայո քաղաքից 65 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի
է ունեցել 6.4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Զոհերի և ավերածությունների
մասին տեղեկություններ չկան:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. փետրվարի 15-ից մինչև 21-ը |
|
|
Վերջին շաբաթվա ընթացքում ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները
Հայաստանի տարածքում գրանցել են մեկ երկրաշարժ: Ս.թ. փետրվարի
18-ին տեղական ժամանակով ժամը 6 անց 32 րոպեին Հայաստան-Թուրքիա
սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 32 կմ դեպի արևմուտք գրանցվել
է երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 3 բալ:
Այս շրջանը սեյսմաբաններին հայտնի է 893թ. դեկտեմբերի 27-ին
տեղի ունեցած Դվինի պատմական ուժեղ երկրաշարժով: Այստեղով
է անցնում Երևանյան խորքային ակտիվ բեկվածքը:
ՍՊԱԾ-ի Ազգային մոնիթորինգային դիտացանցի 9 կայաններում անջատվել
են տարաբնույթ պարամետրերի 11 անոմալ փոփոխություններ: Այդ
դիտակայանները տեղակայված են Հայաստանի արևմտյան և կենտրոնական
մասերում, հիմնականում Երևանյան, Ախուրյանի և Փամբակ–Սևանի
ակտիվ բեկվածքների գոտիներում:
Տարածաշրջանում. Թուրքիայում տեղի է ունեցել երեք երկրաշարժ.
առաջինը 5-6 բալ ուժգնությամբ գրանցվել է փետրվարի 17-ին Սարիղամիշ
քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք, երկրորդը` 5 բալ ուժգնությամբ
փետրվարի 19-ին Քարաքյոսե քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
իսկ երրորդը` 5 բալ ուժգնությամբ փետրվարի 21-ին Էլյազիգ քաղաքից
39 կմ դեպի հարավ: Այս շրջանում նկատվում է սեյսմիկ ռեժիմի
որոշակի ակտիվացում:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 17-ին Ճապոնիայի Հոկայդո կղզու
Կուշիրո քաղաքից 145 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 6.0
մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին հետևել է 5.1 մագնիտուդով
հետցնցում: Փետրվարի 20-ին Ինդոնեզիայի Մոլուքքաս կղզիների
Տերնատե քաղաքից 205 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել
6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Զոհերի և ավերածությունների
մասին տեղեկություններ չկան:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. փետրվարի 8-ից մինչև 14-ը |
|
|
Ս.թ. փետրվարի 8-ից մինչև 14-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ
կայանները Հայաստանի տարածքում 2-3 բալ ուժգնությամբ գրանցել
են երկու երկրաշարժ: Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 8-ին
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 3 բալ ուժգնությամբ` Ստեփանավան
քաղաքից 25 կմ դեպի հյուսիս, իսկ երկրորդը` փետրվարի 11-ին
Աշոցք քաղաքից 7 կմ դեպի հարավ 2 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում. փետրվարի 9-ին Թուրքիայի Բասկիլ քաղաքից 35
կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել է 6-7 բալ ուժգնությամբ
երկրաշարժ, որի հետևանքով բնակչության մոտ խուճապ է առաջացել,
վիրավորվել է 30 մարդ, վնասվել են բնակելի շենքեր և վարչական
շինություններ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի
հարավ-արևելյան շրջաններում: Երկրաշարժին հաջորդել է 2.8-3.3
մագնիտուդով վեց հետցնցում:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 11-ին Հնդկական օվկիանոսում`
Ինդոնեզիայի Սումատրա կղզու Բանդա-Աչեհ քաղաքից 130 կմ դեպի
հյուսիս-արևմուտք գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Նշենք,
որ այս երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 2004թ-ին Ինդոնեզիայի
ավերիչ երկրաշարժի օջախում, որից առաջացած ցունամիի զոհ դարձան
երեք հարյուր հազարից ավելի մարդ: Հաջորդ օրը 6.1 մագնիտուդով
ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Մինդանաո կղզու
Գեներալ Սանտոս քաղաքից 125 կմ դեպի հարավ-արևելք:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. փետրվարի 1-ից մինչև 7-ը |
|
|
Ս.թ. փետրվարի 1-ից մինչև 7-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ
կայանները Հայաստանի տարածքում և հարակից երկրներում 3 բալ
և ավելի ուժգնությամբ գրանցել են հինգ թույլ երկրաշարժ, որոնցից
3 բալ ուժգնությամբ 4 սեյսմիկ ցնցում գրանցվել է փետրվարի
2-ից մինչև 6-ը Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում`
Մեղրի քաղաքից համապատասխանաբար 27 կմ, 45 կմ, 52 կմ և 65
կմ դեպի արևելք: Փետրվարի 4-ին Հայաստան-Վրաստան սահմանային
գոտում, Տաշիր քաղաքից 27 կմ դեպի արևմուտք, գրանցվել է 3
բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հայաստանի հարավ-արևելյան սահմանային
գոտում դիտվում է սեյսմիկ ռեժիմի որոշակի ակտիվացում` թույլ
երկրաշարժերի տեսքով:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 4-ին Կարիբյան ծովում, Ջամայկա
կղզու Մոնտեգո Բեյ քաղաքից 120 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
գրանցվել է 6.2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Նույն օրը 6.1
մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի
արևելյան մասում` Չիլիի Սանտյագո քաղաքից մոտ 4700 կմ դեպի
հարավ-արևմուտք:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. հունվարի 25-ից մինչև 31-ը |
|
|
Ս.թ. հունվարի 25-ից մինչև 31-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ
կայանները Հայաստանում գրանցել են մեկ երկրաշարժ` 3-4 բալ
ուժգնությամբ, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին Վանաձոր
քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք: Գավառի մոտ ս.թ. հունվարի
12-ին և 13-ին տեղի ունեցած ութ թույլ երկրաշարժերից հետո
այդ տարածքում որևէ սեյսմիկ ցնցում չի գրանցվել:
Տարածաշրջանում. հունվարի 27-ին Թուրքիայում գրանցվել է 4-5
բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել
Թուտակ քաղաքից համապատասխանաբար 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք
և 24 կմ դեպի հարավ-արևելք: Հունվարի 21-ին Թուտակ քաղաքից
13 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժից հետո
մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է յոթ 4-5 բալ ուժգնությամբ
հետցնցում: Այս շրջանում շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 25-ին Թայվանի ափամերձ շրջանում`
Թայթունգ քաղաքից 80 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով
ուժեղ երկրաշարժ, որը զգացվել է Թայբեյ քաղաքի բնակչության
կողմից: Հունվարի 30-ին Ավստրալիայի Մակիորի կղզուց 855 կմ
դեպի արևմուտք գրանցվել է 6.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ:
Նույն օրը Խաղաղ օվկիանոսում` Մարիանա կղզիների հյուսիսային
մասում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Հունվարի
31-ին Խաղաղ օվկիանոսում` Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների
Ռաուլ կղզուց 40 կմ դեպի հարավ գրանցվել է 6.5 մագնիտուդով
ուժեղ երկրաշարժ:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. հունվարի 18-ից մինչև 24-ը |
|
|
Ս.թ. հունվարի 18-ից մինչև 24-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ
կայանները Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ
չեն գրանցել:
Տարածաշրջանում. հունվարի 18-ին Վրաստանում` Ախալքալակ քաղաքից
7 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ
երկրաշարժ: Հունվարի 21-ին Թուրքիայի Թուտակ քաղաքից 13 կմ
դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ,
որին հունվարի 21-ից 24-ը հետևել է 4-5 բալ ուժգնությամբ հինգ
հետցնցում: Ագրի գավառի երկու գյուղերում կան շինությունների
վնասվածքներ, իսկ բնակչության մոտ խուճապ է առաջացել:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 21-ին Ինդոնեզիայի տարածքում,
Մոլուքքա ծովում` Մոլուքքաս կղզիների Տերնատե քաղաքից 120
կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 7.5 մագնիտուդով ուժեղ
երկրաշարժ, որին հետևել է 24 հետցնցում` 5-ից ավելի մագնիտուդով:
Երկրաշարժի հետևանքով Մանադո քաղաքում երեք մարդ վիրավորվել
է, կան շինությունների վնասվածքներ, բնակչությունը խուճապի
հետևանքով լքել է բնակավայրերը:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. հունվարի 11-ից մինչև 17-ը |
|
|
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում
սեյսմիկ ռեժիմն ակտիվացել է: Ս.թ. հունվարի 11-ից մինչև 17-ը
ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները գրանցել են Գեղարքունիքի մարզում
տեղի ունեցած 3 բալ և ավելի ուժգնությամբ ութ երկրաշարժ: Հունվարի
12-ին Գավառ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել
5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այն զգացվել է Հայաստանի
տարածքի մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Լանջաղբյուրում,
Գեղարքունիքում և Գավառում` 4-5 բալ, Վարդենիսում, Կարճաղբյուրում,
Սեւանում և Չարենցավանում` 4 բալ, Երեւանում /Քանաքեռ, Ավան,
Նորքի զանգված/` 3 բալ ուժգնությամբ: Նույն օրը, գրեթե նույն
տեղում, տեղի են ունեցել ավելի թույլ` 3-5 բալ ուժգնությամբ
հինգ սեյսմիկ ցնցումներ: Հաջորդ օրը գրանցվել է ևս երկու սեյսմիկ
ցնցում` 3-4 բալ ուժգնությամբ: ՍՊԱԾ-ի մոնիթորինգային դիտակայաններում
գրանցվել են ընդգետնյա ռադոնի, ստորգետնյա ջրերի մակարդակի
և ֆիզիկաքիմիական կազմի, այլ պարամետրերի թվով 18 անոմալ փոփոխություններ
13 դիտակայաններում, որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի
կենտրոնական մասում:
Տարածաշրջանում. հունվարի 11-ին 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ
է տեղի ունեցել Կասպից ծովում` Դաղստանի Մախաչկալա քաղաքից
90 կմ դեպի արևելք:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 13-ին Ռուսաստանի Կուրիլյան
կղզիների Սևերո-Կուրիլսկ քաղաքից 505 կմ դեպի հարավ-արևմուտք
տեղի է ունեցել 8.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին հետևել
է 13 հետցնցում` 5-ից ավելի մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով
բնակչության մոտ առաջացել է խուճապ: Տեղական իշխանությունները
կազմակերպել են բնակչության տարահանում:
|
Սեյսմիկ
ռեժիմը 2007 թ. հունվարի 1-ից մինչև 10-ը |
|
|
Ս.թ. հունվարի 1-ից մինչև
10-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ
գրանցել են մեկ երկրաշարժ: Հունվարի 4-ին Հայաստան-Թուրքիա սահմանային
գոտում` Գյումրի քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել
3 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում: ՍՊԱԾ-ի մոնիթորինգային դիտակայաններում
գրանցվել են ընդգետնյա ռադոնի, ստորգետնյա ջրերի մակարդակի և ֆիզիկաքիմիական
կազմի, այլ պարամետրերի թվով 10 անոմալ փոփոխություններ 7 դիտակայաններում,
որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի կենտրոնական մասում:
Տարածաշրջանում. հունվարի 4-ին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է
տեղի ունեցել Իրանի Մերենդ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք:
Հունվարի 8-ին Թուրքիայի Ահլաթ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք
գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 8-ին Հնդկաստանի Նիկոբար կղզիների
Միշա քաղաքից 100 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով
ուժեղ երկրաշարժ: Նույն օրը Ղրղզստանի Սուլյուքտու քաղաքից 65
կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ,
զոհեր և ավերածություններ չկան: Հունվարի 9-ին Ֆիջիի Նդոյի կղզուց
255 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ,
որը ցունամի չի առաջացրել: |
|
"ՍՊԱԾ"
գործակալություն |
|

|
|
|
| Նորություններ |
 |
|